Շարքային Նարեկ Փաթաթանյանի ինքնասպանության գործով բացահայտվել են բռնարարքի մի շարք դեպքեր

Սեպտեմբերի 16-ին ՊԲ N զորամասում շարքային Նարեկ Գառնիկի Փաթաթանյանի ինքնասպանության գործով բացահայտվել է ծառայակիցների կողմից կիրառված բռնարարքի մի շարք դեպքեր: Այդ մասին «Փաստինֆո»-ի հարցման ի պատասխան հայտնեցին Քննչական կոմիտեից:
ՔԿ-ից հայտնեցին, որ դեպքի առթիվ առաջին կայազորային քննչական բաժնում հարուցված քրեական գործի նախաքննությամբ ձեռնարկված մեծածավալ քննչական գործողությունների արդյունքում բացահայտվել են ժամկետային զինծառայողի մահվան մի շարք հանգամանքներ, նրա նկատմամբ ծառայակիցների կողմից կիրառված բռնարարքի մի շարք դեպքեր, հանցագործությունների տարբեր դրվագներ։
Քննչական կոմիտեից հաստատեցին նաև մեր այն տեղեկությունները, որ հարուցված քրեական գործի շրջանակներում մեղադրանք է առաջադրվել 6 անձի՝ ՀՀ քրեական օրենսգրքի տարբեր հոդվածներով:
Ավելի վաղ «Փաստինֆո»-ն տեղեկացրել էր, որ գործի շրջանակներում մեղադրանք է առաջադրվել զորամասի լեյտենանտ Լավրենտի Սարգսյանը, ով ինչպես գործով անցնող գրեթե բոլոր մեղադրյալները կալանավորվել է: