Համազգեստի հուշը...

1...2...3...Անձրևի կաթիլները կոտրում են պատուհանս, ասես պիտի ներս թափանցեն և ամուր գրկեն ինձ: Ասես, դու ինքդ ես անձրև՝ մեղմ և հուժկու: Բայց, երևի անձրևն էլ է քաջ գիտակցում ,որ դու այլևս չես գալու, և իմ ու քո կիսատ մնացած սերը պիտի կոչվի անավարտ, բազում-բազում վեպերի պես, որ ժողովուրդը պիտի կարդար քո իսկ բերանով: Դու գնացիր ու քեզ հետ սրբեցիր-տարար ամեն-ամեն ինչ, բայց մի բան անընդհատ աչքիս առաջ է. դա քո համազգեստն է, որը ես քանի՜ անգամներ կարել եմ, մաքրել ու լվացել: Հիշում ես, սիրելի՛ս, ամեն առավոտ դու հագնում էիր համազգեստդ և որդուդ խոստանում, որ նա էլ պիտի ունենա այդ համազգեստից, որ նա էլ է քաջ հայ: Հիմա ամեն առավոտ որդիդ հիշում է այդ խոսքերը, ապա վազում, գրկում համազգեստդ և իր փոքրիկ աչքերից արցունքներ են հոսում. այլևս կարիք չկա լվանալու համազգեստդ, այն էլ երբեք չես հագնելու: Որդիդ այնքան նման է քեզ, բայց և այնքան անօգնական առանց քեզ: Ամեն առավոտ մեծ տղամարդու պես ինքն է մեր կողքի խանութից հաց գնում , ապա քեզ պես բարձրանում է աստիճաններով, և քեզ նման կամացուկ երգում է քո սիրած մեղեդին՝ՙ Մարտիկի երգը՚:
Դու գնացիր, որ քեզանով պահես որդուդ և դստերդ, որը հազիվ է սկսել խոսել և հայր բառը չարտասանած` կարոտ մնաց հորը: Նա այդպես էլ չզգաց քո գուրգուրանքը, չզգաց քո անուշ հայրական խրատների խստությունը: Եվ հիմա, երբ սառը հողը առել է քեզ իր ճիրանների մեջ, դու պարտավոր ես հսկել աշխարհը վերևից, պարտավոր ես ամպերի հետ լացել երկրիդ համար և արևի պես շողալ զինվորիդ համար: Դու էլ էիր զինվոր, բայց բազմահազար այս մարդկությունը զենք ստեղծեց, որ ոչնչացնի իրեն, և դու այն բազում տղանների մեջ էիր, ովքեր իրենց արյունով պարարտացրին հողը և ում արյունը սնունդ դարձավ ալ կարմիր կակաչների համար, որոնք ներկել են դաշտերը...
Դե ինչ, սիրելի՛ս, երևի սա էլ քո ճակատագիրն էր, բայց որդիդ հպարտ է, որ դու ես նրա հայրը և երկիրդ էլ է հպարտ, որ դու ես իր զինվորը: Ա՜, մոռացա ասել, որ մայրիկդ հիվանդ է, չի կարողանում հանգիստ քայլել, բայց նույնիսկ այդպես ամեն օր բռնած իր թոռնիկի ձեռքը գերեզմանիդ է դնում քո սիրած վարդերը՝ դեղին-դեղին վարդեր: Հիշի՛ր, որ քո քաջությունը երկրիդ երակների՝ գետերի մեջ է, և քո զավակները՝ սարերն ու լեռներն էին, որտեղ ծնվեց և մեծացավ որդիդ՝ Հայկը.... Եվ դու բազում զինվորների պես ընկար, որ զավակդ մնա մոր՝ Արաքսի գրկում:
Անավարտ մի սիրո պատմություն անավարտ բառերի ներքո..
Նյութի աղբյուրը`Status4ka.am